Հակասություններ տեքստերում. ինչպես պետք է կատարվի տարածքների վերադարձը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այն մի քանի կետ էր ենթադրում, այդ թվում՝ կարճ ժամկետներում տարածքների վերադարձ: Սակայն հետաքրքիր է, որ գիշերը հրապարակված նախնական տեքստից հետո արդեն երեկ ցերեկը հրապարակվեց ևս մեկ տեքստ, և նկատենք, որ նախորդ տեքստի համեմատ՝ մի փոքր տարբերություններ են առկա: Եվ նոր տեքստը հրապարակված է եղել Կրեմլի կայքում:
Օրինակ՝ ի սկզբանե 2-րդ կետն ունեցել է հետևյալ տեսքը. «Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին նոյեմբերի 20-ին»։
Իսկ երեկ Կրեմլի տարածած հաղորդագրության երկրորդ կետում ասվում է. «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև նոյեմբերի 20-ը»:
Առաջին տեքստի վեցերորդ կետում անդրադարձ էր կատարվում Լաչինի հատվածին՝ ասելով. «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը` թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ»։
Իսկ նոր տեքստում ասվում է, որ այդ միջանցքը կշրջանցի Շուշին և կլինի ռուս խաղաղապահների հսկողության ներքո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ