Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալները
2021 թվականի մայիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանին: Հաղորդում է aliq.ge-ն։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշվել է, որ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը մեծ նշանակություն ունեն երկու երկրների համագործակցության զարգացման համար: Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունը, երկրները պետք է անցնեն համագործակցության հաջորդ փուլ, որը համահունչ կլինի միջազգային հանրության օրակարգին: Նրա խոսքով, Վրաստանը մի երկիր է, որը միշտ հավատարիմ է համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների և ժողովուրդների բարեկամության սկզբունքներին:
Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը խոսել է Վրաստանի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցության կարևորության մասին և նշել, որ արտգործնախարարություններն այս ուղղությամբ կարևոր և պատասխանատու առաքելություն ունեն: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն մնալ դրական և արդյունավետ:
Կարծիքներ