Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մեկտեղելով ջանքերը հանուն հավասարության» խորագրով միջոցառման շրջանակում մարտի 5-ին մասնակցել է պանելային քննարկման՝ «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների նախադրյալները» թեմայով:

 

Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, հիմնական խոսնակը Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան էր, խոսնակները՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը:

 

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվում են իրավահավասարության և հակախտրականության ոլորտին վերաբերելի տարբեր դիմումներ: Սակայն առավել շատ են մշտադիտարկումների արդյունքում վերհանվող դեպքերը: Հիմնական խնդիրն այս ոլորտում այն է, որ հանրային միջավայրում խտրական երևույթները որպես իրավունքների խախտում չեն էլ ընկալվում, իսկ իրավահավասարության ոլորտին առնչվող հանրային ընկալումները ձևախեղված են։ Բազմաթիվ դիմումներ ենք ստանում, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված, մասնավորապես՝ հարցերը վերաբերում են մատչելիության, զբաղվածության ապահովման խնդիրներին և այլն։ Հաճախ, համայնքահեն ծառայությունների բացակայության հետևանքով, հաշմադամություն ունեցող երեխաների մայրերն առհասարակ զրկված են որևէ աշխատանքի ներգրավվելու հնարավորությունից՝ պայմանավորված երեխաներին խնամելու հանգամանքով»,- ասել է Պաշտպանը:

 

 

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:

 

«Հանրային ընկալման շրջանակներում գոյություն ունեն կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով»,- նշել է Պաշտպանը:

 

Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների հետ կապված հարցերին:

 

«Մենք ունենք ազգային փոքրամասնությունների համայնքներ, որտեղ տարածված են վաղ, հարկադիր ամուսնությունները: Այն աղջիկները, որոնք ամուսնանում են վաղ տարիքում՝ ըստ էության, հարկադրաբար, դուրս են մնում պարտադիր կրթությունից, չեն ունենում կրթությունը շարունակելու հնարավորություն, առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Պետությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա և կարողանա ոչ միայն դեպքերի առկայության պարագայում հասցեավորել, այլ՝ կանխարգելել նշված խնդիրները»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:

 

Ամփոփելով՝ Պաշտպանը նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:

 

«Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Այս տեսանկյունից կարևորում եմ նաև, որ պետությունը հնարավորինս արագ քայլերը ձեռնարկի իրավահավասարության մասին օրենքի ընդունման հետ կապված»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:

 

«ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵջեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործկացնությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում