Ատեստավորման արդյունքում գերազանցի նշաձողը հաղթահարած զինծառայողների աշխատավարձը կրկնակիից ավելի է բարձրացել. Պապիկյան
Ատեստավորման պրոցեսը ԶՈՒ-ում արդեն իսկ հունիս ամսվա սկզբից մեկնարկել է: Այդ մասին Կառավարության նիստին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող, առաջին հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ը հանձնել են համապատասխան քննությունները: Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ. խոսքը վերաբերում է պատրաստվածություան մակարդակին»,- ասաց նախարարը:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ վերջին օրերին ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում լինելու և զրույցների արդյունքում արձանագրել է՝ կա ընկալում առ այն, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ նաև նրանց պարագայում, ովքեր թերացել են: «Բայց գործընթացը բավականին առողջ է: Ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, և արդեն փաստացի արձանագրվում են: Մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»,- ասաց Պապիկյանը:
Ինչ վերաբերում է ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացմանը, ապա նախարարն ասաց հետևյալը.
«Մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ. կան բավարար, լավ և գերազանց նշաձողեր: Մենք արդեն իսկ ունենք զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը. նրանց պարագայում աշխատավարձը կրկնակիից ավելի է բարձրացել: Կառավարությունը, ըստ էության, ստեղծել է այդ հնարավորությունը, և ամեն ինչ կախված է պատրաստվածության մակարդակից»,- նշեց նա:
Կարծիքներ