ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացութուն տվեց 17 մլն 900 հազար եվրո արժողությամբ նոր վարկային համաձայնագրին |hetq.am|
hetq.am: Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:
Ըստ այս համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17 մլն 9 հարյուր հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում: Համաձայնագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարի խոսքով` համաձայնագիրը կարելի է գնահատել նոր վարկ` չնայած այն բովանդակությամբ և կառուցվածքով տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող գործող վարկերի տրամաբանության շրջանակում է: Այն ապահովելու է ծրագրի շարունակականությունը` ներառելով լրացուցիչ ֆինանսավորում:
«Ծավալը կկազմի 25,4 մլն, որից վարկային ռեսուրսը կլինի 17,9 մլն, կառավարության համաֆինանսավորումը` 6,3 մլն, համայնքների ներդրումը` 1,1 մլն դոլարին համարժեք դրամ»,-ասաց Տերտերյանը:
Ծրագրի շրջանակում օժանդակություն է ցուցաբերվելու սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մասշտաբով, միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումներին, նախատեսվում են նաև ինստիտուցիոնալ բարելավումներ համայնքներում:
Համաձայնագիրն արժանացավ հանձնաժողովի անդամների դրական քվեարկությանը` ընդգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Կարծիքներ