Արցախում կապի խնդիր կա
Արցախում, ինչպես նախօրեին, այնպես էլ՝ այս պահին կապի խնդիր կա։ Համակարգը գերծանրաբեռնված է աշխատում։ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մամուլի խոսնակ Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ արվում է հնարավորը բջջային և ինտերնետ կապի խոչընդոտները վերացնելու համար։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախում կապի խնդիրների մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են:
Այս պահին կապի ենթակառուցվածքների խնդիր չունեն հայաստանյան օպերատորները։ «Հետքի» հետ զրույցում «Վիվա-ՄՏՍ», «Բիլայն Արմենիա» և «Յուքոմ» ապրանքանիշներով հեռահաղորդակցության օպերատորների հանրային կապերի պատասխանատուները նշեցին, որ կապը հանրապետության տարածքում գործում է անխափան։
«Աշխատում ենք գերբեռնված ռեժիմով։ Ամեն ինչ իրականացվում է բնականոն հունով»,- ասաց «Յուքոմ»-ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը։
Ռոումինգը չի վերանա
Երեկվանից առցանց տիրույթում քաղաքացիները բջջային կապի օպերատորներին հորդորում են վերացնել ռոումինգ ծառայությունը Հայաստանից դեպի Արցախ բջջային զանգերի ժամանակ։
«Ղարաբաղ Տելեկոմից» նշում են, որ տվյալ դեպքում ոչինչ կախված չէ իրենց ընկերությունից։ «Դա «Ղարաբաղ Տելեկոմի» որոշելիքը չէ։ Երբ Հայաստանի օպերատորները դա որոշեն, զուտ տեխնիկական քայլ կմնա մեզ անելու։ Ամեն ընկերություն ինքն է որոշում իր բաժանորդի համար այս կամ այն վայրում ռոումինիգի հարցը»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Արթուր Գրիգորյանը։
Արցախում ռոումինգի վերաբերյալ կոչերին ու պահանջներին քիչ առաջ համատեղ հայտարարությամբ արձագանքել են նաև հայաստանյան երեք օպերատորները։ Հայտարարությունից ենթադրվում է, որ օպերատորներն այս պահին նպատակահարմար չեն համարում ռումինգի վերացումը։ Նշում են, որ սակագնի զրոյացումը բերելու է «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցի էլ ավելի մեծ ծանրաբեռնվածության, ինչը հանգեցնելու է «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցի խափանման։
«Հայաստանյան օպերատորների և Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաև այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը և մեր տվյալներով պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաև մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Օպերատորները պարզաբանում են ռոումինգի գնագոյացման մոդելը և հայտնում, որ ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի։
Կարծիքներ