Կալիֆորնիահայ զույգն ազատազրկման է դատապարտվել 20 միլիոն դոլարի խարդախության համար
Կալիֆոռնիայում ամուսնական զույգը բանտարկության է դատապարտվել՝ COVID-19-ի օգնության հիմնադրամների միջոցով անօրինական կերպով ավելի քան 20 միլիոն դոլար ստանալու համար։ New York Post պարբերականի փոխանցմամբ՝ իշխանությունները, սակայն, նախ պետք է բռնեն նրանց։
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ 43-ամյա Ռիչարդ Այվազյանը դատապարտվել է 17 տարվա, իսկ նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Տերաբելյանը՝ 6 տարվա ազատազրկման՝ դավադրության, բանկային խարդախության և փողերի լվացման համար։
Զույգը փախուստի մեջ է և ազատազրկման է դատապարտվել հեռակա կարգով։ Դաշնային պաշտոնյաները հայտնել են, որ օգոստոսի 29-ին նրանք անջատել են իրենց հետևող ապարանջանները:
Դատավճիռը կայացնելու պահին դատավոր Սթիվեն Վ. Ուիլսոնն ասել է, որ չի հիշում խարդախության որևէ գործ, որը կատարվել է «նման անսիրտ, միտումնավոր կերպով՝ առանց օրենքի հանդեպ որևէ հարգանքի»։ Դատավորն Այվազյանին բնութագրել է՝ որպես մարդու, «ով խարդախությունը ձեռքբերում է համարում»։
Դատավորը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել նաև Այվազյանի եղբորը՝ 41-ամյա Արթուրին։
Հունիսի 25-ին դաշնային ատենակալները Ռիչարդ Այվազյանին, Արթուր Այվազյանին և Տերաբելյանին մեղավոր են ճանաչել բանկային խարդախություններ և էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախություններ կատարելու, փողերի լվացման միջոցով դավադրություն կազմելու մեջ:
Ռիչարդ Այվազյանը և նրա եղբայրը դատապարտվել են նաև ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու համար։
Հետաքննությունների դաշնային բյուրոն Ռիչարդ Այվազյանի և Տերաբելյանի մասին տեղեկությունների համար մինչև 20 000 դոլար պարգև է առաջարկում։
Կարծիքներ