Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծվել է ինչպես Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ բնակավայրերը։ Գնդակոծությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։
Ադրբեջանական կողմի գործողությունները Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ են։ Արցախի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ իրականացնում է իր ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ագրեսիան ետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն վերականգնելու համար։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի կողմից զինված հարձակման մասին: Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։
Կարծիքներ