Հայ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում. Ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը: Ներկայացնում է ՀՀ ոստիկանության պարզաբանումը.
«Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։
Հայտնում ենք, որ 11.09.2020 թ. դրությամբ Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին եւ համարժեք արձագանքելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք եւ Ինտերպոլի Գլխավոր Քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ»։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրի գլխավոր դատախազությանը, հայտնել են, որ գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների հիման վրա Ադրբեջանում քրեական գործ են հարուցել 2 հայ սպայի նկատմամբ: Նշվում էր, որ նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Կարծիքներ