ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետի՝ Թուրքիայի հասցեին արած քննադատությունն արժանացել է ծափերի

ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետի՝ Թուրքիայի հասցեին արած քննադատությունն արժանացել է ծափերի

Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։

Ermenihaber-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելության ժամանակ հյուրընկալել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և նրա ընտանիքին։ Հիշեցնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման 201-ամյակն է լրանում, Բայդենը շեշտել է, որ Հունաստանն ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է։

Բայդենի հետ հանդիպումից հետո Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ձևավորվում են պաշտպանության, տնտեսության և առևտրի ոլորտներում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հունական կղզիներում։

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Միցոտակիսը նշել է, որ իրենք դեմ են Պուտինի հարձակմանը և հավելել, որ աջակցում են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, տարածաշրջանում սադրիչ դիրքորոշում է որդեգրել, և այդ պատճառով Կիպրոսի հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Թուրքիան փորձում է պարտադրել խնդիրը «երկու առանձին պետության» սկզբունքով լուծելու մոտեցումը:

Հունաստանի վարչապետն իր  ելույթում, մասնավորապես, նշել է.

«Այստեղից պետք է ուղերձ հղենք բոլոր ավտորիտար առաջնորդներին, ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել մի հարցի, որը մեզ անհանգստացնում է վերջին 48 տարում՝ Թուրքիայի իրականացրած օկուպացիան և Կիպրոսի մասնատումը․․․Հունաստանը միշտ բարեկամության ձեռք է մեկնում իր հարևաններին, բայց միջազգային իրավունքում կա միայն մեկ շրջանակ մեր հարևանների հետ վեճերը լուծելու համար: Մենք թույլ չենք տա այնպիսի գործողություն, որը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը և իրավունքները: Սա նաև վերաբերում է մեր կղզիների վրայով անօրինական թռիչքների իրականացմանը: Հետևաբար, տարածաշրջանին ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս խնդրում եմ ձեզ հաշվի առնել անկայունության վտանգը ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում:

Միցոտակիսի ելույթից հետո դահլիճում բոլորը ոտքի են կանգնել և 3 րոպե ծափահարել Հունաստանի վարչապետին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում