Ասուլիս. վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացի ամփոփում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը՝ ուսումնական տարվա ավարտի, հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի վերաբերյալ:
2022-2023 ուստարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Ուսումնական պլանով վերջին դասը ՀՀ դպրոցներում 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում սահմանված է մայիսի 26-ին, իսկ 6-օրյայի դեպքում` մայիսի 27-ին: Փոխնախարարը հորդորել է զերծ մնալ լայնամասշտաբ և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ենթադրող միջոցառումներից. «Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացի ամփոփիչ միջոցառում, և այն որևէ կողմի համար պետք է ավելորդ հոգսի չվերածվի»: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ հրապարակվել է միասնական քննությունների ժամանակացույցը, և հաջորդական աշխատանքները պատշաճ կիրականացվեն:
Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացին, որը կմեկնարկի հունիսի 12-ից
2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու շուրջ 39.500 սովորող: Նախարարի տեղակալն անդրադարձել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացին, որը կմեկնարկի հունիսի 12-ից. «Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար»։ Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, օրինակ՝ նույն դպրոց հաճախող քույր կամ եղբայր, նույն դպրոցում աշխատող ծնող: Հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար:
Սեպտեմբերից նոր չափարոշիչը կներդրվի բոլոր դպրոցններում
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ 2023-2024 ուստարում հանրակրթության պետական նոր չափորոշիչը կներդրվի ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այդ կապակցությամբ ԿԶՆԱԿ-ը շարունակում է ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների վերապատրաստումները՝ մենթոր դպրոցների կողմից: Այս համատեքստում մեկնարկել է նաև դասագրքերի ստեղծման մրցութային գործընթացը:
60-ից ավելի զարգացման ծրագրերից միայն 8-ն է ստացել փորձագիտական դրական եզրակացություն
«Այս տարի փոփոխություն ունենք նաև դպրոցների կառավարման համակարգում: Շուրջ 170 դպրոցի տնօրենների պաշտոնավարման ժամկետները լրանում են: Տնօրենների թեկնածուներից արդեն իսկ 60-ից ավելի զարգացման ծրագրեր ենք ստացել, որից 8-ն են փորձագիտական դրական եզրակացություն ստացել: Զուգահեռ իրականացվում է նաև վարչատնտեսական համակարգողի մրցույթի գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Կամավոր ատեստավորման դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 15-ը
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կամավոր ատեստավորմանը. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման նպատակով մեկնարկել է կամավոր ատեստավորման համար դիմողների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը: Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել ինչպես համակարգում աշխատող, այնպես էլ չաշխատող և նախնական և միջին մասնագիտական հաստատություններում դասավանդող հանրակրթական առարկաների մասնագետները»:
Դպրոցներում այս պահին աշխատող 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, ևս կարող են դիմել կամավոր ատեստավորմանը և անցողիկ միավորներ հավաքելու դեպքում հնարավորություն կունենան շարունակել աշխատել դպրոցում և ստանալ հավելավճար: Հակառակ պարագայում՝ 2023 թվականի օգոստոսից նրանք այլևս չեն կարողանա աշխատել դպրոցներում՝ համաձայն կներդրվի Հանրակրթության մասին» օրենքով տրված կարգավորումների:
Անդրադառնալով արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների կամավոր ատեստավորմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս պահի տվյալներով՝ սպորտի ոլորտում հավելավճար կստանա 76 մասնակցից 8-ը, իսկ արվեստի ոլորտում՝ 100 մասնակցից՝ 26-ը:
Փորձարկվում է նախադպրոցական կրթության չափորոշիչը
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին: «Առաջին փոփոխությունը նախադպրոցական կրթության չափորոշչի գործարկումն է, որն այս ուսումնական տարվա ընթացքում գործարկվել է 60 հաստատությունում: Շուտով կլինի ամփոփումը, և տեսանելի կդառնան առաջացած խնդիրները: Հաջորդ ուսումնական տարում նախատեսվում է ևս 180 նախադպրոցական հաստատությունում ներդնել նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ մեկնարկել է նախադպրոցական կրթության ոլորտում որակավորման տարակարգի շնորհման գործընթացը: 2023 թվականին ընդունվել և գործում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը. տրվել է դիմումների ընդունման մեկնարկը, որը կրում է շարունակական բնույթ:
Համընդհանուր ներառական կրթություն նախադպրոցական կրթության համակարգում
Շարունակվում է պետական միջոցների հաշվին նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման գործընթացը: Արդեն իսկ շրջանառվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել: Մի շարք փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես՝ համընդհանուր ներառականության ներդրման մասով:
Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգը ներդրված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Երևանում: Մինչև տարեվերջ՝ համընդհանուր ներառման կանցնեն նաև մյուս մարզերի նախադպրոցական հաստատությունները: Օրենքում հստակեցվել է 5 տարին մեկ մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջը. հավաստագրման համար պարտադիր վերապատրաստման պահանջը ուսումնական հաստատության ղեկավարի համար հանվել է:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին և նշել, որ այս պահին հաստատվել են Սյունիքի մարզի կրթահամալիրները, ընթացքի մեջ են Արարատի և Կոտայքի մարզերի համապատասխան գործընթացները:
Մշակվում է «Մասնագիտական կրթության մասին» օրենքը
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ այս պահին շրջանառվում է «Մասնագիտական կրթության մասին» օրենքը: Որոշ մասնագիտությունների՝ գյուղատնտեսության, խոհարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այս պահին նախատեսվում է մասնագետների վերապատրաստման և ատեստավորման գործընթաց, ինչը ենթադրում է նաև աշխատավարձի փոփոխություն: Հաջորդ տարի նախատեսվում է նաև ՄԿՈՒ ոլորտի աշխատակիցների տարակարգի շնորհում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում: Հստակեցվում է մասնագիտությունների ցանկը, որպեսզի համապատասխանեցվի տնտեսության կարիքներին:
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերի ստեղծմանը, դրամահավաքին, կամավոր ատեստավորմանը և այլ խնդիրների:
Կարծիքներ