Իրականացվել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձանների մշտադիտարկում
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձանների տարածքում:
Աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան՝ վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են վերականգնման ընթացքում առաջացած խնդիրները՝ պատերի ամրակայման աշխատանքների, երկրորդ հարկի միջնապատի, հին վառարանի և պատշգամբի փայտյա դեկորատիվ էլեմենտների պահպանության անհրաժեշտությունը:
Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Լոռու մարզի «Լոռի բերդ» ամրոց, որի ընթացքում դիտարկվել են 2022 թ. պետական միջոցներով իրականացված ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքների հնարավորությունը: Արդյունքում՝ ուսումնասիրվել են պեղված պարիսպների և բաղնիքի տարածքները, վերականգնված պարիսպները և դրանց պահպանվածությունը:
ՀՀ Լոռու մարզի Քոբայր վանական համալիր այցի ընթացքում ընդունելի են համարվել սեղանատան թաղի միակոր քարերի վերաշարման աշխատանքները: Քննարկվել են առաջացած խնդիրները, շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեսախցիկի առկայության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը, տանիքածածկի լիցքի, վերականգնվող քիվերի, սեղանատան և ժայռի միջև ընկած հատվածի, ինչպես նաև սեղանատանը կից ժայռափոր սենյակի հատակի սալարկման իրականացման հարցերը:
Այցին ներկա էին նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները:
Կարծիքներ