«Հայաստանի օրերը Մոնակոյում». հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև սեփական տուն

«Հայաստանի օրերը Մոնակոյում».  հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև սեփական տուն

Հայաստանում Սեպտեմբերի 3–4-ին Մոնակոյում կանցկացվեն «Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները՝ հայկական մշակույթը, ոսկերչությունը, բիզնեսն ու ներդրումային ներուժը միջազգային բարձրակարգ լսարանին ներկայացնելու նպատակով։ Այս տարվա ծրագրի առանցքային իրադարձություններից մեկը սեպտեմբերի 3-ին լեգենդար Hotel Métropole Monte-Carlo-ում անցկացվող միջոցառումն է՝ նվիրված հայկական ոսկերչության պատմությանն ու ժամանակակից զարգացումներին։

Միջոցառման շրջանակում բացառիկ ներկայացմամբ Մոնակո կժամանեն Ստամբուլից ուղարկվող «Armenian Goldsmith» եռահատոր գրքի օրինակները։ Սա բացառիկ հրատարակություն է, որը ներկայացնում է հայկական ոսկերչության և ոսկերչական արվեստի բազմադարյա պատմությունը, դրա խոր արմատներն ու ազդեցությունը աշխարհի տարբեր երկրներում։

Պատմական ժառանգությանը զուգահեռ Մոնակոյում կներկայացվի նաև նոր ժամանակների հայկական ոսկերչությունը։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա Damirah հայկական ոսկերչական բրենդի հատուկ շնորհանդեսը։ Բրենդը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել արաբական շուկաներում և այժմ նախապատրաստվում է եվրոպական շուկա մուտք գործելուն։ Այդ ճանապարհի կարևոր առաջին քայլերից մեկը հենց Մոնակոյում կազմակերպվող ներկայացումն է։ Երեկոն կուղեկցվի հայկական բարձրակարգ Ohanyan կոնյակի , NOAH գինիների և ABRICON-ի հյուրասիրությամբ՝ հյուրերին հնարավորություն տալով մեկ վայրում ծանոթանալու հայկական համին, մշակույթին և ժամանակակից ստեղծարար ներուժին։

Միջոցառման մթնոլորտը կհամալրի հայկական դուդուկի կենդանի կատարումը։ Միջոցառման հյուրերին հնարավորություն կստեղծվի նաև ծանոթանալ Հայաստանի բանկային ոլորտին հանձինս IDBank-ի , որը տեղում հյուրերին կներկայացնի նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները ։

Հայաստանը՝ նաև որպես ապրելու և ներդրում կատարելու վայր Միջոցառման կարևոր նպատակներից է միջազգային հյուրերի և Հայաստանի նկատմամբ հետաքրքրված մարդկանց համար բացահայտել երկիրը ոչ միայն որպես մշակույթի, բիզնեսի և ներդրումների ուղղություն, այլև որպես ապրելու, հանգստանալու և տարվա մի մասը Հայաստանում անցկացնելու գրավիչ վայր։

Այս համատեքստում միջոցառման շրջանակում կներկայացվի Amanoo բնակելի թաղամասը՝ որպես Հայաստանում ժամանակակից, բարձրակարգ և եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան բնակելի միջավայրի օրինակ։ Հայկական երաժշտությունը՝ Մոնակոյի Մայր տաճարում Սեպտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 18:00-ին, Մոնակոյի Մայր տաճարում կկայանա բարեգործական համերգ, որի շրջանակում Մոնակո կժամանեն հայ երաժիշտներ տարբեր երկրներից։ Համերգին առաջին անգամ Մոնակոյում հանդես կգա Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, ով նաև հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում ։

Դաշնամուրային հատվածը կներկայացնի աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, որը միջազգային բեմերում հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում և հանդիսանում է Ավստրիայի երաժշտական ակադեմիայի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր: Հայկական դուդուկի կատարումները կներկայացնի Փարիզից ժամանող Լևոն Չատիկյանը, ով դուդուկին նվիրված բազում փառատոններ ու մրցույթներ է կազմակերպում Ֆրանսիայում :

Սեպտեմբերի 4․ Հայաստանը՝ որպես բիզնեսի և ներդրումների ուղղություն «Հայաստանի օրերի» երկրորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, ուշադրության կենտրոնում կլինեն հայկական արտադրանքները ու Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է հրավիրյալ հյուրերի համար հայկական բրենդների բաց և փակ ցուցադրություն:

Օրվա եզրափակիչ հատվածում կփակվի Metropole հյուրանոցի շքասրահը ուր ընտրյալ հյուրերի համար կանցկացվի փակ ընթրիք, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, ներդրումային հնարավորությունները և երկրի բիզնես միջավայրը։ Հյուրերը հնարավորություն կունենան ավելի անմիջական և գործնական ձևաչափով ծանոթանալու Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես կապեր ստեղծելու և Հայաստանի հետ համագործակցություն զարգացնելու հնարավորություններին։ Առանձին ներկայացումներով կներկայացվեն նաև հայկական գինու և կոնյակի, ոսկերչության ու այլ բարձրակարգ արտադրությունների պատմությունն ու զարգացման հեռանկարները։ Նախաձեռնության հեղինակը գործարար Վրույր Փենեսյանն է , ով հանդիսանում է Հայաստան-Մոնակո համագործակցության խորհրդի նախագահ և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ է:

Նրա նախաձեռնությամբ Հայաստանի և Մոնակոյի միջև տարբեր ձևաչափով միջոցառումներ են անցկացվում 2018 թվականից։ «Մեր նպատակը Հայաստանը Մոնակոյում ներկայացնելն է ամբողջական պատկերով՝ իր պատմությամբ, մշակույթով, ոսկերչական ժառանգությամբ, ժամանակակից բրենդներով և տնտեսական ներուժով։ Այս տարի մենք փորձում ենք մեկ հարթակում միավորել անցյալի ժառանգությունն ու նոր սերնդի հայկական ստեղծարարությունը՝ միաժամանակ ցույց տալով, որ Հայաստանը կարող է հետաքրքիր և արժեքավոր գործընկեր լինել միջազգային ներդրողների ու գործարարների համար», – նշում է նախաձեռնության հեղինակ Վրույր Փենեսյանը:

Նկարում ՝ Վրույր Փենեսյանը Մոնակոյում Ֆրանսիայի դեսպանի հետ հայկական ընդունելության ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում