Գյումրու 34-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է 3 անձ

Գյումրու 34-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է 3 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության հանգամանքները:

Դեպքի առթիվ ահազանգը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, ըստ որի՝ «աջ ազդրի վերին 3-րդի կտրված-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987 թվականին ծնված բնակիչը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի երեք բնակիչներ են: Վերջիններս 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 00։47-ի սահմաններում, առանց նախնական համաձայնության, խուլիգանական դրդումներով, ապօրինաբար դիտավորությամբ 34-ամյա տղամարդուն զրկել են կյանքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում