Ուսամա բեն Լադենի որդին սկսել է գեղանկարչությամբ զբաղվել
Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին՝ Օմարը սկսել է նկարչությամբ զբաղվել: Այս մասին նա պատմել է Vice հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ:
Տղամարդը եզրակացնում է, որ իր նկարչական կարողությունը ժառանգել է մորից: Վերջին մեկ տարվա ընթացքում 39-ամյա Օմարը նկարել է մեկ տասնյակից ավելի նկարներ՝ հիմնականում բնանկարներ:
Նկարչի խոսքերով՝ ինքը դեռ պայքարում է հետվնասվածքային և երկբևեռ խանգարումների դեմ, բայց նկարչությունն իրեն օգնել է գտնել իր մեջ նոր աշխարհ:
Օմարը նշել է, որ իր մանկության «միակ ուրախ պահը» հիշողությունն է այն մասին, թե ինչպես են իր մանկության նկարներից մեկը կախել դպրոցական դասարանի պատին:
Տղամարդը նաև պատմել է, որ ինքը երբեք մտերիմ չի եղել իր հոր հետ, որը շատ դաժան էր և ծեծում էր իր որդիներին:
2000 թվականին՝ 18 տարեկան հասակում, Օմարը հեռացել է «Ալ-Քաիդայից» և բազմիցս դատապարտել է իր հոր դաժան գաղափարախոսությունը և խմբավորման ահաբեկչությունները:
Այժմ Օմարն իր կնոջ հետ ապրում է Նորմանդիայում, նրանք ունեն մի քանի ձի:
Հիշեցնենք, որ Ուսամա բեն Լադենը ծնվել է Սաուդյան Արաբիայում և, ըստ տարբեր գնահատականների, ունեցել է 20-ից 26 երեխա:
Կարծիքներ