ԼՂ հիմնախնդիրն իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները. ՀՀ վարչապետ
Արդեն երեք օր է՝ ինչ Արցախի քաղաքացիները ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով զրկված են բնական գազի մատակարարումից:
Թեմային Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության նիստի հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում:
Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը և, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական:
Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը:
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են յուրահատուկ պայմաններում:
Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում, և օդի ջերմաստիճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման և ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր, և ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1,5 մետրի, մայրաքաղաքաք Ստեփանակերտում՝ 1 մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը զրկվեց բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից:
Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու:
Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանը արդեն շուրջ 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:
Այս իմաստով խիստ խորհրդանշական և խոսուն է Ադրբեջանի ԱԳ նախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է:
Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այսկողմ մի նայեք և թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը:
Նման բան տեղի ունենալ չի կարող, և Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը, բոլոր ատյաններում:
Սիրելի՛ հայրենակիցներ, իհարկե շատերն այս իրադրությանը արձագանքում են հիշեցնելով և քննադատելով մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը:
Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել Խաղաղության մեր օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ այն մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում:
Տեղյակ եք անշուշտ, որ գազատարի պայթյունից հետո, մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ: Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին և դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին և խնդրել ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում:
Իսկ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետևյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
Այս դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան՝ Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է:
Ի դեպ, մեր այս հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որը մեզ քննադատում է, թե համաձայնել ենք տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Այս քննադատությունը առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է. (մեջբերում եմ) «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք և մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար» (մեջբերման ավարտ):
Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին, որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ:
Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքային խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք:
Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ հայրենակիցներ.
Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գնալու հարցում: Այս առումով մենք այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:
Ընդ որում, պետք է արագացնել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:
Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով, և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածի հետ կապված այդպիսի առաջարկ ենք արել, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձաքանքին:
Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ լավ չհասկացանք, Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի:
Հայկական խաչմերուկի նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում»,- ՀՀ ասաց վարչապետը:
Կարծիքներ