Կիևն ակնկալում է, որ Եվրատեսիլը Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում

Կիևն ակնկալում է, որ Եվրատեսիլը Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում

Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն ակնկալում է, որ «Եվրատեսիլ 2023»-ը Մեծ Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում և հաղորդավարների ներգրավմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կոնսուլտացիաներ են եղել ինչպես բրիտանական կառավարության, այնպես էլ ВВС-ի հետ։ Արդյունքում մենք ստացել ենք հավաստիացումներ ինչպես ВВС-ից, այնպես էլ EBU-ից, որ Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայի անունից  ուկրաինական համատեքստում և հաղորդավարների ներգրավմամբ։ Ես կարծում եմ, որ ВВС-ի փորձը թույլ կտա Ուկրաինան ներկայացնել ամենաբարձր մակարդակով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Տկաչենկոն։ 

Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում: 2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին:

Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ:

Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում: