Հաղթարշավ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում. Հայաստանի թիմը 6 մեդալ է նվաճել
ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ը Օսլո քաղաքում։
Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։
Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից:
Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։
Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։
Կարծիքներ