Ռումինիայում ՀՀ դեսպանությունում նշել են Հանրապետության օրը

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում նշել են Հանրապետության օրը

Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական (Interbellum) ժամանակահատվածում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո մի շարք հայ ականավոր քաղաքական ու ռազմական գործիչներ հաստատվել էին Ռումինիայում: Նրանց թվում էր նաև Պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը, որն իր նշանակալի ավանդն ունեցավ նաև ռումինահայ համայնքի կյանքում:

Դեսպանը նաև անդրադարձել է օրվա խորհրդին՝ նշելով.

«Ավելի քան 100 տարի առաջ Սարդարապատի և մայիսյան մյուս հաղթանակների, ինչպես նաև Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվեց մեր պետականությունը և հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքը: Համոզված եմ, որ այսօր էլ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են ներկա մարտահրավերները»:

Միջոցառման ընթացքում ներկաները հեղինակի, ռումինահայ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Կևորկյանի ընթերցմամբ ունկնդրել են Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի այն հատվածը, որում ներկայացված են Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև նրա հարաբերությունները ռումինահայ համայնքի հետ:

Միջոցառման ավարտին դեսպան Մինասյանը ռումինահայ համայնքի ականավոր ներկայացուցիչ՝ լրագրող, գրող և թարգմանիչ Մադլենա Գարագաշյանին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում