«Ռեալը» 4 խաղացողի վաճառքից ակնկալում է մոտ 100 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալը» կփորձի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվողներ Գարեթ Բեյլին, Մարիանո Դիասին, Բորխա Մայորալին եւ պաշտպան Սերխիո Ռեգիլոնին։ Արքայական ակումբը նրանց վաճառքից ակնկալում է մոտ 100 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS-ը։
Լավ առաջարկի դեպքում, ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը պատրաստ է հրաժարվել նաեւ կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններից։
Անցած մրցաշրջանում «Ռեալի» գլխավոր թիմի 7-8 ֆուտբոլիստներ դուրս էին մնում հայտացուցակից։ Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքները հաղթահարելու համար մադրիդյան ակումբը պետք է կրճատի աշխատավարձի ֆոնդը, որն այժմ գլխավոր թիմի համար կազմում է 283 միլիոն եվրո։
Կարծիքներ