Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում հանրահավաք
Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Թբիլիսիում խորհրդարանի մոտ հանրահավաք են անցկացնում՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկմանը զուգահեռ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՝ «ТАСС»-ը։
Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանը, տեղադրվել է բեմ, որի վրա ելույթ կունենան բանախոսները և հանդես կգան քաղաքական հայտարարություններով։ Մարդիկ կանգնած են դրոշներով և պաստառներով։ Նրանք հերթական անգամ բողոքում են քննարկվող օրենքի դեմ։ Ռուսթավելի պողոտան արգելափակված է։
Դրան զուգահեռ, խորհրդարանի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների վերաբերյալ նախաձեռնությունը։ Պատգամավորները հոդված առ հոդված քննարկում են օրինագիծը։ Թեժ բանավեճեր են ընթանում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, օրինագծի քննարկումը կարող է չավարտվել մեկ օրում, ուստի հարցը կարող է հետաձգվել հաջորդ օրը։
Կարծիքներ