Կա՞ արդյոք նոր պատերազմի ռիսկ, երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը. Ալիևի օգնականի բացառիկ հարցազրույցը

Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ: Երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորությունը այս սկզբունքների հիմնաքարն է։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում՝ գնահատելով Հայաստանի հետ նոր պատերազմի ռիսկերը, խոսել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին:
Հաջիևն, արդեն հայտնի իր ձեռագրով, չի խուսափել մեղադրանքներ ներկայացնել Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես, իրենց համար անընդունելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ անկախության օրվա առիթով սեպտեմբերի 2-ի շնորհավորանքը:
Ըստ Հաջիևի, դա «լուրջ վնաս» է հասցրել խաղաղ գործընթացին։
Հաջիևը ՀՀ-ին շարունակել է մեղադրել պետբյուջեից ԼՂ-ին հատկացվող գումարների տրամադրման, ինչպես նաև տարածքների ականապատման համար, որի պատճառով, ըստ Ալիևի օգնականի, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 300 ադրբեջանցի է մահացել:
Հաջիևն անդրադարձել է նաև ԼՂ նախագահի ընտրությանն ու այն որակել որպես սադրանք: Հարզացրույցից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը լրջորեն «անհանգստացած է» սահմանային լարվածությամբ, որն ի դեպ, հեղինակել է հենց Ադրբեջանը՝ զենք ու զորքի կուտակմամբ:
Անկախ այս հանգամանքից, չխուսափելով կեղծ տեղեկությունների իրապարակումից, Հաջիևը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, թե հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում հայկական զինված ուժերի կողմից ռազմական սադրանքների և դիվերսիաների հաճախակիացում է նկատում, շեշտելով, իբր Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և շահագրգռված չէ էսկալացիայով։
Հաջիևը չի զլացել և վերևում շարադրված իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին զուգահեռ ՀՀ ղեկավարությանը կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող էթնիկ հայերի ինտեգրման գործընթացին և չաշխատել իրենց ինքնիշխանությունը խարխլելու ուղղությամբ։
Կարծիքներ