Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա»-ի նախագահը համագործակցության հուշագիր են ստորագրել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սողոյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Պետություն-մասնագիտական հանրույթ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ինստիտուցւոնալ հիմքերի վրա դնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկն Անահիտ Ավանեսյանն արել էր ավելի վաղ` նախարարի մասնակցությամբ ՀԲԱ Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստի ժամանակ:
«Այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք երկուստեք ձեռք են բերվել, այսօր կվերահաստատենք համագործակցության հուշագրի ստորագրմամբ»,- նշել է նախարարը` հույս հայտնելով, որ համագործակցության արդյունքում մասնագիտական փորձառություն ունեցող հանրույթի ձայնն առավել լսելի կդառնա:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ընդգծել է. «Պետական ապարատը և մասնագիտական հանրույթն ինստիտուցիոնալիզացնում են իրենց համագործակցությունը: Երկու կողմն էլ ձեռք բերեց վստահելի գործընկեր»:
«Նշանակալի իրադարձություն է, երբ պետությունն՝ ի դեմս առողջապահության նախարարության և մասնագիտական հանրույթը ՝ ի դեմս «Հայկական բժշկական ասոցիացիա»-ի, երկուստեք համագործակցության ձեռք են պարզել»,- ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Ներկաները շեշտել են, փաստաթղթի ստորագրումը Հայաստանի առողջապահության համակարգի համար նշանալի իրադարձություն է, որը կնպաստի հուշագրով նախատեսված ուղղություններում աշխատանքներն ավելի համակարգված և արդյունավետ դարձնելուն:
Կարծիքներ