Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում կառավարության հրամանով ձերբակալվել և սպանվել են մոտ 600 հայ։ Այս դեպքը նախանշեց Հայոց ցեղասպանության սկիզբը, որի ընթացքում զոհվեց այն ժամանակվա հայ բնակչության 3/4-ը։ Միջազգային հանրությունը չարձագանքեց։
Մի քանի ամիս առաջ Ադրբեջանը 100 հազար հայ բնակչությանը բռնի ուժով արտաքսեց Լեռնային Ղարաբաղից։ Հայ ժողովուրդը փաստացի վերապրել է և՛ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և՛ 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը։ Եվ մեր արձագանքը կրկին համարժեք չէր:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը, տիկի՛ն Նախագահ, ես ձեզանից ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում։ Ընդհակառակը, խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել, քանի որ հայ ժողովուրդն այսօր էլ է կանգնած վտանգի առջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուազոն։
Կարծիքներ