Իրանը պատվաստանյութերի 2 միլիոն դեղաչափ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից
2021 թվականի մարտի վերջին Իրանը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի երկու միլիոն դեղաչափ կներմուծի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական խորհրդի նախագահ Մոհամեդ Ռեզա Զաֆարգանդին, փոխանցում է Mehr-ը:
«Իրանում արտադրված պատվաստանյութն ավելի հուսալի է, քան շատ արտասահմանյան պատվաստանյութեր, բայց քանի որ դրա արտադրությունը ժամանակ է պահանջում, պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն դեղաչափ կներկրվի Հնդկաստանից, Չինաստանից կամ Ռուսաստանից»,- ասել է Մոհամեդ Ռեզա Զաֆարգանդին մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` Pfizer եւ Moderna պատվաստանյութերի գնումն Իրանի օրակարգում երբեք չի եղել` բարձր գների, տրանսպորտային խնդիրների եւ սպասարկման պահանջների պատճառով, սակայն Astrazeneca պատվաստանյութը, որն արտադրվում է Շվեդիայում եւ գիտականորեն ուսումնասիրվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում, կարող է պահվել Իրանում. այն գնման լավ տարբերակ է:
«Իրանի առողջապահության նախարարության որոշմամբ` մինչ մարտ ամիսը տարբեր աղբյուրներից Covid-19-ի դեմ պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն դեղաչափ կներկրվի, քանի որ պատվաստանյութերի ներքին եւ Կուբայի հետ համատեղ արտադրության համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»:
Զաֆարգանդին նաեւ պարզաբանել է, որ ներկայումս աշխարհում 290 ընկերություն կա, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են արտադրում: «Մեր հարեւան շատ երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, նույնպես պատվաստանյութեր են գնել Չինաստանից, Թուրքիան 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ է գնել Չինաստանից»:
«Covid-19-ի դեմ պատվաստանյութն արտադրվում է Իրանի եւ Կուբայի կողմից համատեղ` իրանական Պաստերի ինստիտուտի հետ համագործակցությամբ,- ասել է նա:- Փորձարկման առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն Կուբայում` իրանցի գիտնականների հսկողության ներքո: Եթե գնահատականները դրական լինեն, երրորդ փուլը կանցկացվի Իրանում եւ Կուբայում` միաժամանակ եւ համատեղ: Պատվաստանյութի արտադրությունը, հավանաբար, երեք ամիս կտեւի»:
Կարծիքներ