Շնորհանդեսներ, գրական ընթերցումներ. Պոեզիայի օրը Երևանում կտոնվի հետաքրքիր միջոցառումներով
Պոեզիայի համաշխարհային օրը` մարտի 21-ին, Երևանում նախատեսվում են բանաստեղծությունների ընթերցումներ՝ ժամանակակից սիրված հեղինակների մասնակցությամբ։
Նրանք հանդես կգան նաև որպես գրքի խորհրդատուներ և ընթերցողներին կներկայացնեն գրականության լավագույն նմուշները։ «Դարան» գրախանութում միջոցառման շրջանակում ընթերցողները հնարավորություն կունենան շփվել ժամանակակից պոետներ Հուսիկ Արայի, Մհեր Արշակյանի, Լուսինե Եղյանի, Գևորգ Կաասի և այլ հեղինակների հետ։
Գրախանութում կկայանա նաև Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուի շնորհանդեսը: «Մենակի ծնուշ» ժողովածուն տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:
Պոեզիայի համաշխարհային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մարտի 21-ին: Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում: Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։ Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից:
Կարծիքներ