Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում. հայտնաբերվել է 375 խախտում
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն օգոստոսի 10-ի երեկոյան ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։
Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ պարեկները ուշադրություն են դարձրել նաև չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին։ 8 անձ տուգանվել է այդ խախտման համար։
Նշվում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։
Կարծիքներ