Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
ՀՅ Դաշնակցության առաջարկով Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) հունվարի 11-ին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից՝ ներկայացնելով «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» վերտառությամբ ընդունված հայտարարության հայերեն թարգմանությունը:
«Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուստի Սոցիալիստական Ինտերնացիոնալը կողմերին խստորեն հորդորում է գնալ երկխոսության և բանակցությունների, կանխել արգելափակման հետևանքով խաղաղ բնակչության հումանիտար ճգնաժամը:
ՀՅ Դաշնակցությունը շարունակում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, ինչպես նաև կուսակցության արտաքին քաղաքական հնարավորություններով լայնածավալ աշխատանքներ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ