Գյումրիի «Չոր նավահանգիստ» ծրագիրը դեռ արդիական է
Գյումրիի «Չոր նավահանգիստ» ծրագիրը դեռ արդիական է: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Այս կոնցեպտը կա, այս ծրագիրը փոխկապակցված է սահմանների բացման հետ: Ծրագիրը կա, և ամեն հարմար պահի դրա հետ կապված քննարկումներ են լինում։ Եթե ներդրումներ են գալիս, նրանց առաջարկվում է ներդրումներ անել հենց այս ծրագրում: Այնպես որ, այս ծրագիրը կա ու մնում է արդիական»:
Խոսելով ներդրողներին մարզ ուղղորդելու մասին, Դավիթ Առուշանյանը նշեց. «Լավագույն ներդրողը համայնքում այս պահին գործող գործարարն է: Կանգնենք այս գործարարի կողքին, հասկանանք, թե ի՞նչ խնդիր ունի: Արդյոք այդ գործարարը տեղյակ է գործող պետական աջակցության բոլոր ծրագրերից։ Պետական շատ ծրագրեր կան, որոնց մասին մեր ներդրողները տեղյակ չեն: Իսկ այդ աջակցման ծրագրերի շնորհիվ նրանք կարող են իրենց բիզնեսն ընդլայնել՝ աշխատատեղեր ստեղծել: Շարունակելու ենք նաև նոր ներդրողներ բերել մարզ»,-նշեց մարզպետը՝ վստահեցնելով, որ միշտ կլինի տեղական ներդրողի կողքին:
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ Դավիթ Առուշանյանը փաստեց՝ կա լուրջ վերահսկողության խնդիր՝ կապված աշխատանքների որակի և ժամկետների հետ: «Քաղաքացիները հիմնականում դժգոհում են ժամկետներից ու որակից: Ինձ համար ստեղծված իրավիճակն աբսուրդ է՝ համայնքը գումարի խնդիր չունի՝ տալիս է, կառավարությունը հաստատում է գումարները, սակայն մենք չենք կարող կազմակերպել մրցույթների ճիշտ ընթացքը և շինարարությունը: Այստեղ ունենք խիստ վերահսկողության խնդիր»,-ասաց Դավիթ Առուշանյանը՝ խոստանալով խիստ վերահսկողություն իրականացնել հատկապես սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքում: Իրենց գործում թերացող նախագծային և շինարարական ընկերությունների հանդեպ, ըստ մարզպետի, անհրաժեշտ է կիրառել պատժի մեխանիզմներ:
Մարզպետը վստահեցնում է՝ սուտ խոստումներ չի սիրում տալ, իսկ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում կարողացել է հրատապ հարցեր պահանջող խնդիրներին լուծումներ տալ: «Իներցիոն կառավարմանը կողմ չեմ, կողմ եմ փոփոխություններին՝ շատ դեպքերում ցավոտ ռեֆորմներին, բայց որոշ դեպքերում պատրաստ եմ դա անել: Ես կհաջողեմ իմ գործում, եթե մարզի բնակիչները տեսնեն դրական փոփոխությունների արդյունքները»,-եզրափակեց Շիրակի մարզպետը։
Կարծիքներ