Հանձնաժողովի կողմից իրականացվող լայն սպառման ապրանքների գների փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրություն

Հանձնաժողովի կողմից իրականացվող լայն սպառման ապրանքների գների փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրություն

Հանձնաժողովի կողմից իրականացվող լայն սպառման ապրանքների գների փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրություն

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 14-ին իրականացված՝ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 9 գնաճ և 2 գնանկում:

Մասնավորապես, միջին գնաճ է արձանագրվել ձու 1 հատ` 7 դրամ (10%), բժշկական ձեռնոց 1 զույգ` 3 դրամ (5,3%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 16 դրամ (5%), թեյ «Ակբար» 100 գրամ՝ 26 դրամ (3,5%), հնդկաձավար 1 կգ՝ 19 դրամ (2,9%), բենզին «Ռեգուլյար» 1 լիտր՝ 10 դրամ (2,7%), ձեռքի ախտահանիչ լուծույթ 80-250 մլ` 12 դրամ (2,7%), սուրճ՝ 100 գրամ` 4 դրամ (1,7%) և շաքարավազ 1 կգ` 2 դրամ (0,5%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում է արձանագրվել խնձոր 1կգ՝ 50 դրամ (15,4%) և ոսպ 1կգ՝ 32 դրամ (5,7%) ապրանքատեսակների համար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկված 32 ապրանքատեսակներից 17-ի միջին գներն աճել են, 10-ի գները՝ նվազել, իսկ մնացած 5 ապրանքատեսակի գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են մինչև 1 տոկոսի միջակայքում (ներկայացված է հավելվածում):

2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներից «Ձեթ», «Ձու», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դիմել է համապատասխան տնտեսավարող սուբյեկտներին:

Հանձնաժողովը գնային փոփոխություների դինամիկան և հիմնավորվածությունը պարզելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել նաև գնաճ արձանագրած ներմուծվող լայն սպառման ապրանքատեսակների մասով (շաքարավազ, ալյուր, հնդկաձավար, ձեթ, թեյ, սուրճ)՝ դիտանցումների արդյունքները համադրելով նախորդ դիտանցումների արդյունքների և Հայաստանի Հանրապետությունում գործող գների հետ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գնաճով, որի հիմնական պատճառը հանդիսանում է ՀՀ դրամի արժեզրկումը:

Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակով և բազմաթիվ ապրանքային շուկաներում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև գործող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների բաշխվածությունը տնտեսական պայմանների վրա ազդելու հնարավորության համատեքստում: Այս ուղղությամբ Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան աշխատանքներ:

[ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով]:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում