ՀԷՑ-ը «ֆինանսական դիետա»-ի է անցել․ ժամանակավոր կառավարիչը՝ ուռճացված ծախսերի և անցկացվելիք աուդիտի մասին

ՀԷՑ-ը «ֆինանսական դիետա»-ի է անցել․ ժամանակավոր կառավարիչը՝ ուռճացված ծախսերի և անցկացվելիք աուդիտի մասին

ՀԷՑ ՓԲԸ-ն վերջին տասնամյակում առաջին անգամ է ֆինանսական տարին սկսում առանց լրացուցիչ վարկային պարտավորություններ ստանձնելու՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և բացատրում, թե ինչպես են փորձում վերահսկել ֆինանսական հոսքերը, մարել պարտավորությունները, և ինչ խնդիրների են հանդիպում ենթակառուցվածքների վրա աշխատանքների ընթացքում։ Սրանք ենթադրում են ահռելի ծախսեր, սակայն Պետրոսյանն ասում է՝ չունեն հստակ գնահատումներ, թե որքան ծախս է անհրաժեշտ  էլցանցերի ընդհանուր նորոգման համար։

ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմով մարել է ավելի քան 47 մլն դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնում է կառավարության կողմից ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։ Նա անկեղծանում է՝ պաշտոնը ստանձնելուց հետո պարզել է, որ նախկինում ամեն ամիս աշխատավարձերի վճարման, ինչպես նաև ամեն եռամսյակից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը հարկային պարտավորությունները կատարելու համար մշտապես կարճաժամկետ վարկային գծեր են բացվել մի քանի տեղական բանկերում։

«Հատուկ հաշվում կուտակված միջոցներով, օրեր անց հասանելի դառնալու պարագայում, այդ կարճաժամկետ վարկային պարտավորությունների մի մասը մարվել է, մի մասը՝ երկարացվել, և դա տևական շրջան համարվել է ընդունված աշխատակարգ»։

Ռոմանոս Պետրոսյանը նման գործելաոճը համարում է արատավոր, նշելով, որ այն փորձել է բացառել հենց առաջին օրից։ Նրա պարզաբանմամբ՝ այդ 5 օրվա կամ թեկուզ 1 շաբաթվա համար ներգրավվող մի քանի 100 միլիոն կամ միլիարդի՝ կարճաժամկետ վարկերի տեսքով ֆինանսական հոսքերը, որպես կանոն, ներգրավվել են շատ բարձր տոկոսադրույքով, իսկ դրանց սպասարկման կամ վճարման համար ընկերությունը ծախսել է հավելյալ 10-15 միլիոն դրամ։

«Առաջին ամսվանից մենք բոլոր աշխատավարձերը, հարկային ու տուրքային պարտավորությունները և պարտադիր այլ վճարումները կատարել ենք բացառապես «ՀԷՑ»-ի սեփական միջոցներով՝ առանց հավելյալ վարկեր ներգրավելու։ Վերջին տասնամյակում, այսպես ասած, «ՀԷՑ»-ի՝ «Տաշիր» ընկերությունների խմբին անցնելուց հետո գրեթե տարի չի եղել, որ «ՀԷՑ»-ը լրացուցիչ վարկային բեռով չծանրաբեռնվի»։

Ռոմանոս Պետրոսյանի դիտարկմամբ՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը ենթադրում է նաև տոկոսների վճարում, ինչը հավելյալ բեռ է դարձել «ՀԷՑ»-ի համար։ Իսկ քանի որ ընկերության հասույթները ձևավորվում են բացառապես բաժանորդների վճարներից, փաստացի ադ բեռը ընկնում է բաժանորդի ուսերին։ Վերջին 8 ամսում, ընկերությունում կառավարման փոփոխությունից հետո, վարկային նոր գծեր չեն ավելացել։

«Եթե «ՀԷՑ»-ի հարկային, ֆինանսական, թողարկած պարտատոմսերի գծով պարտավորությունները գրեթե  400 մլն դոլար էին, ապա այս պահի դրությամբ դրանք 350 մլն դոլար են։ Ավելի քան 47 մլն դոլարին համարժեք ֆինանսական միջոցները մենք մարել ենք բացառապես մեր տնտեսավարման արդյունքում՝ կրճատելով ուռճացված ծախսերը, այդ թվում նաև՝ մատակարարումների և գնումների գործընթացներում ժամանակին մոնոպոլ եղանակով  բարձր մատակարարումները»։

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծում է՝ վերջին տասնամյակում 2026-ը միակ տարին է, երբ ՀԷՑ-ը նոր ֆինանսական տարի է մտել՝ ոչ միայն նվազեցնելով իր ֆինանսական և վարկային պարտավորությունների բեռը, այլև տարեսկզբին նոր պարտավորություններ չստանձնելով։

«Ռադիոլուր»-ի հարցին՝ արդյոք կա հաշվարկ, թե որքան գումար է անհրաժեշտ ընկերության մաշված ենթակառուցվածքները արդիականացնելու համար, Պետրոսյանն ասաց, որ նման հաշվարկներ դեռ չունեն։

«Այս պահի դրությամբ մենք նման պատկերացում չունենք,  բացարձակ, որովհետև դա ենթադրում է տեխնիկական և ֆինանսական աուդիտ, մի շարք այլ  տնտեսական գործընթացներ, որոնց արդյունքում միայն հնարավոր կլինի այդ մասին խոսել։ Բայց նաև մյուս կողմից էլ մենք այն, ինչը տեսնում ենք, ինչպես ասում են, գետնի վրա, բավականին վատթար, մաշված, այդ թվում, ֆիզիկապես, այլ նաև բարոյապես, տեխնոլոգիապես մաշված ենթակառուցվածքներ, որոնք մի կերպ կարող է հասցնել մեր տնտեսական աճին, մեր տնտեսական կարողությունների զարգացմանը և սպասարկել մեր բնակչությանը, պետական ապարատին, տեղական ինքնակառավարման մարմինների և, իհարկե, տարբեր մասշտաբի բիզնես սուբյեկտներին»։

Չնայած ՀԷՑ-ի արդիականացման համար անհրաժեշտ գումարի հստակ հաշվարկ չկա, սակայն կան այլ թվեր, որոնք պակաս մտահոգիչ չեն՝ մանրամասնում է Պետրոսյանը։

«Բարձր լարման ավելի քան 300 ենթակայաններ ունենք, որոնց 15-20 %-ը ծայրահեղ, վատթար վիճակում են, մոտ 40 %-ը միջին մաշվածության են և դարձյալ կարճաժամկետ պլանում կարիք ունեն հիմնանորոգումների, վերակառուցումների։ Եվ մոտ կեսն է, որ որևէ կերպ իրենց վրա գտնվող սպառման բեռը կարողանում են պատշաճ իրականացնել, թեպետ դրանք դարձյալ տասնամյակներ առաջ կառուցված ենթակառուցվածքներ են և կարիք ունեն էլեկտրատեխնիկական պարբերական սպասարկումների և վերազինումների»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում