45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու աշխարհի լավագույն բուհերում. «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ է շնորհել
Սեպտեմբերի 8-ին Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:
Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։ Ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով: Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:
Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, որ մասնավորապես նշեց. «Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերում ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման համար պահանջվող մասնագիտություններ:
Ակնհայտ է, որ աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի շարունակական առաջընթացի համար։ Այն ժամանակակից աշխարհի հետ համաքայլ շարժվելու կարևոր հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք:
Այս գիտակցումն, անկախ պատմական հանգամանքներից, միշտ էլ առկա է եղել մեզանում։ Պետականության բացակայության պայմաններում մեծանուն հայազգի մեկենասների հեռատեսության ու ջանքերի շնորհիվ տաղանդաշատ հայ երիտասարդները, որոնք իրենց հետագիծն են թողել մեր ինքնության վրա, արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Հետագայում ստեղծվեցին նաև հիմնադրամներ, երիտասարդների՝ արտերկրում սովորելու միջոցով մեր հասարակության ու երկրի զարգացման ընթացքն արդյունավետ ու կազմակերպված դարձնելու նպատակով:
Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում այս ձեռնարկումները կդրվեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ գիտելիքի ներուժն առավելագույնս արդյունավետ ու թիրախային օգտագործելու նպատակով։
Կթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայել: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարումից մինչև վերադարձ Հայաստան: Ծրագրի արդյունավետության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։ Ընդամենը երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք կրթաթոշակառուների համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում:
Շատ ուրախ եմ, որ հետզհետե փոխվում է Հայաստանի երիտասարդության պատկերացումները պահանջված մասնագիտություների մասին: Այո,՛ մեզ պետք են երկիր կառուցող անհատներ, առաջատար մասնագետներ՝ բժիշկներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տվյալագետներ, անասնաբույժներ, ճարտարագետներ և այլն:
Սիրելի՛ կրթաթոշակառուներ, դուք ներդրում եք անում ինչպես ձեր անհատական կայացման, այնպես էլ՝ պետության զարգացման գործում: Այսօր Հիմնադրամի բարերարների ու պետական աջակցության շնորհիվ ունենք եզակի հնարավորություն կյանքի կոչելու ձեր ու մեր երազանքը։ Բարի երթ, բարի վերադարձ»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարտի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընթերցեց նախարար Արայիկ Հարությունյանի` ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասված է. «Խրախուսելով Հայաստանում կայուն մասնագիտական աճը, երկրի ոլորտային զարգացումն ու առաջխաղացումը՝ 2018 թ.-ից ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել մեր հայրենիքի առաջընթացին։
Եվ այսօր Հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի շրջանակում հպարտությամբ և պատասխանատվությամբ այս խորհրդանշական վայրում 2020 թ. շահառուներին հանձնում ենք իրենց հավաստագրերը»։
Ներկաների հետ իրենց հաջողության պատմությամբ կիսվել են Հիմնադրամի 2019 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, տնտեսագետ Առնո Մուրադյանը և 2020 թ. կրթաթոշակառու, բժիշկ-համաճարակաբան Քրիստինա Հակոբյանը:
Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կայքը նշում է, որ միջոցառման վայրի ընտրությունը պատահական չէր. Օշականի մշակույթի պալատն այն տասը մշակութային տներից մեկն է, որ ընդգրկված է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում: Ծրագրով նախատեսվում է մշակույթի տների ենթակառուցվածքների բարեկարգում ու մարդկային ռեսուրսների հզորացում:
Կարծիքներ