Ռուբեն Վարդանյանին պետք է «պերսոնա նոն գրատա» հայտարարել, ինքնիշխանությանը դեմ լինելու համար պիտի պատժվի. Մկրտչյան. ՀԺ

Ռուբեն Վարդանյանին պետք է «պերսոնա նոն գրատա» հայտարարել, ինքնիշխանությանը դեմ լինելու համար պիտի պատժվի. Մկրտչյան. ՀԺ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը (ԼՂ նախկին պետնախարար, գործարար) հերթական հրահանգն է ստացել Կրեմլից և փորձում է կատարել:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ԼՂ հարցում վտանգավոր է, և եթե Հայաստանը պատրաստ չէ պայքարել ԼՂ հետաքրքրությունների համար, ապա պետք է բոլոր փաստաթղթերը փոխանցի, որ իրենք կարողանան դա կազմակերպել:

«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները վաղուց պետք է նրան «պերսոնա նոն գրատա» (-խմբ. անցանկալի անձ) ճանաչած լինեին. ինքնիշխանությանը դեմ արտահայտվող յուրաքանչյուր հայ պետք է պատիժ կրի դրա համար: Ինչ է նշանակում ինքնիշխանության դեմ անընդհատ հայտարարություններ անել, ո՞ւմ են ծառայում նրանք ի վերջո: Երբ հայրենիքի անվտանգությունը մարդկանց համար դառնում է նեղ քաղաքական ամբիցիաներ սպասարկելու միջոց, սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող հարված է»,- ասում է Մկրտչյանը:

Քաղաքագետն անուղղակի հարցադրում է անում՝ նկատելով. «Ինչպե՞ս է պատկերացնում, որ չինքնորոշված Արցախը ուլտիմատումների լեզվով խոսի պաշտոնական Երևանի հետ, դեռ մի բան էլ ՀՀ Սահմանադրությունը ոտնահարելով: ՀՀ իշխանությունները բաց են կարծիքների և առաջարկությունների համար: Էլ չասեմ, որ ամեն ինչ անում են Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմով կյանքի կոչելու համար: Ինչո՞ւ չեն գնում բանակցեն»:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի այն դիտարկմանը, թե ռուս խաղաղապահների մանդատը պետք է ուժեղացվի և քննարկվի նրանց՝ ԼՂ-ում մնալու ժամկետի երկարաձգումը՝ զրուցակիցն ընդգծում է՝ Ռուբեն Վարդանյանը կարո՞ղ է պատասխանել, թե արդյոք ռուս խաղաղապահների մանդատի մեջ էր մտնում Փառուխի գործողություններին հլու-հնազանդ հետևելը, Խծաբերդը, մարդկանց գնդակահարումները և, վերջապես, Լաչինի միջանցքի «հանձնումը»:

«Եվ այս ամեն ինչից հետո խոսել ռուս խաղաղապահների մտացածին մանդատի մասին այն դեպքում, որ Ադրբեջանն անգամ այդ «պլենտուզի» մակարդակին հավասարված մանդատը չի ուզում հաստատել: Սա արդյոք իրատեսության դաշտի՞ց է, թե՞ փորձ է տարածաշրջանում կրքեր բորբոքելու, պատերազմներ հրահրելու, դրա միջոցով հեղաշրջումներ անելու»,- նշում է նա:

Մկրտչյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկում է թթի օղու արտադրությամբ զբաղվել և ռուս խաղաղապահներին թթի օղով դիմավորել. «Ես Վարդանյանին այլևս չեմ ուզում անդրադառնալ, նա քաղաքական խեղկատակ է Արցախում, ու դեռ մի բան էլ այս մարդը փորձում է Արցախի տարածքից իր ձեռքերը երկարացնել ու իր արբանյակ կուսակցությունների միջոցով ՀՀ ներսում «խժդժություններ» մտցնել»:

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ մեկընդմիշտ կարող ենք սահմանել, որ այն, ինչ կապված է Ռուբեն Վարդանյանի հետ, դրսից ուղղորդված ծրագիր է:

««Հայաքվե» նախաձեռնության թիկունքում կանգնած են մեծ ֆինանսների տեր մարդիկ: Ռուբեն Վարդանյանի կապն էլ Կրեմլի հետ եթե դիտարկենք, տարբեր կրիմինալ տնտեսական հանցագործությունների մեջ թաթախված լինելը նայենք, ապա կտեսնենք, թե «Հայաքվե»-ն որտեղից է ֆինանսավորվում և ինչ նպատակ ունի: Կրկնում եմ՝ այն պատերազմի նախաձեռնություն է՝ ձեռնոց նետված թշնամուն: Արժե՞ գնալ արկածախնդրության այս պահին, թե՞ մեզ ժամանակն է պետք շահել, խոսել ու այդ ընթացքում պետությունը կարգի բերել»,- ասում է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում