Հունաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահի հետ պայմանավորվել Է համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կահիրե կատարած այցի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ քննարկել է Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը, էներգետիկ նախագծերը և աշխատանքային միգրացիայի ոլորտում շփումները, ինչպես նաև պայմանավորվել համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման մասին:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հունական ERT-1 հեռուստաալիքի եթերում Միցոտակիսի արված հայտարարությունը։
Վարչապետը հանդիպումից հետո նշել է, որ երկու երկրների ղեկավարները հնարավորություն են ունեցել քննարկել երկկողմ համագործակցության բոլոր հարցերը և գնահատական տալ Արևելյան Միջերկրական ծովի աշխարհաքաղաքական իրավիճակին:
«Մենք հնարավորություն ունեցանք վերահաստատելու, որ Հունաստանը և Եգիպտոսը հանդիսանում են լայն աշխարհաքաղաքական տարածաշրջանում կայունության գործոններ, ինչպես նաև քննարկելու համագործակցության նոր հեռանկարները՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի հարցերին»,- ասել է Միցոտակիսը:
Նրա խոսքով՝ կողմերը նաև հաստատել են աշխատուժի հետ կապված հարցերում համագործակցությունը զարգացնելու մտադրությունը:
Կարծիքներ