Մեքսիկայում հարձակվել են ոստիկանական շարասյան վրա. ավելի քան 10 մարդ զոհվել է
Մեքսիկայի կենտրոնական Մեխիկո նահանգում զինված մարդիկ դարանակալել ու հարձակվել են ոստիկանական շարասյան վրա: Առնվազն 13 իրավապահ սպանվել է: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունը վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի ուժայինների ամենազանգվածային սպանություններից մեկն է:
Անվտանգության ծառայության աշխատակիցների շարասյունը հսկում էր Կոատեպեկ Հարինաս մունիցիպալիտետում Լյանո Գրանդե շրջանը, որտեղ տեղի է ունեցել հանցախմբի անդամների հարձակումը:
Սպանված սպաներից ութը եղել են նահանգային ոստիկանության սպաներ, ևս հինգը եղել են պետական դատախազությունից:
Ռազմական ոստիկանությունը և Մեքսիկայի ազգային գվարդիայի ուժերը փնտրում են կասկածյալներին:
«Այս հարձակումը վիրավորանք է Մեքսիկայի պետության համար: Մենք կպատասխանենք օրենքի ողջ ուժով և աջակցությամբ»,- ասել է անվտանգության նախարար Ռոդրիգո Մարտինես-Սելիսը:
Կարծիքներ