Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է. Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարց ուղղեց Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մասին: Եղոյանը մեջբերեց Միշելի խոսքերը, ըստ որի «անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:
«Հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին, շահարկվեցին, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, թե սա հետնահանջ է ԵԱՀԿ ՄԽ օրակարգից»,- նշեց Եղոյանը:
Նիկոլ Փաշինյանն հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը այդ առումով:
Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Դրանք արտահայտված են հրապարակայնորեն: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ:
Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք, իր կարծիքով կամ իր տեսակետով՝ հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանո՞վ է ստացվել կամ ճշգրիտ՝ ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և դրանց մեջ որևէ փոփոխություն չկա, մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։
«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ