44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
Տեխնոլոգիական ոլորտում աշխատանք փնտրող մասնագետների և գործատուների միջև ծանոթության և համագործակցության հաստատման նպատակով՝ այսօր մեկնարկել է «HRmeetUp. հանդիպենք աշխատանքային վերելքի համար» խորագրով միջոցառումը, որին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) տնօրեն Ամալյա Եղոյանը։
Միջոցառման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԳՏՏԿ-ի միջև, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր՝ ուղղված 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանն, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և կայուն զբաղվածության ապահովմանը։
«Նախարարության համար առաջնային է մեր հայրենակիցների և, մասնավորապես, պատերազմի մասնակիցների կայուն զբաղվածության ապահովումը, այդ նպատակով ակտիվ համագործակցում ենք մի շարք ընկերությունների հետ, որպեսզի համատեղ ջանքերն ուղղենք վերջիններիս մասնագիտական ուսուցմանն ու աշխատանքով ապահովմանը։ Այդ համատեքստում կարևորում եմ նաև այս հուշագրի կնքումը, որը հնարավորություն կտա ծրագրավորման դասընթացները հաջողությամբ ավարտած անձանց ներգրավել զբաղվածության ծրագրերում և աջակցել աշխատանք գտնելու հարցում»,- նշել է նախարարը։
ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը ևս շեշտել է համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ հուշագիրը հնարավորություն կտա ստեղծել հարթակ՝ պատերազմի մասնակիցների և գործատուների միջև կապ հաստատելու համար։ Անդրադառնալով «HRmeetUp. հանդիպենք աշխատանքային վերելքի համար» միջոցառմանը՝ վերջինս նշել է, որ կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ բուհերի նորավարտ երիտասարդները տարբեր տեխնոընկերություններում աշխատանքի անցնելիս ոչ միայն վերապատրաստման կարիք են ունենում, այլև երբեմն ոչ լիարժեք պատկերացում են ունենում աշխատանքի ընդունվելու գործընթացի մասին:
«Լինում են դեպքեր, երբ աշխատանք փնտրողի ակնկալիքները չեն համապատասխանում գործատուի պահանջներին: Սա նկատի ունենալով՝ մենք հրավիրել ենք տեխնոլոգիական ոլորտի մարդկային ռեսուրների կառավարիչներին, որոնք հարցազրույցներ են վարում աշխատանքի ընդունվողների հետ, որպեսզի անձամբ ներկայացնեն տեխնոլոգիական ոլորտում աշխատանք գտնելու բոլորը փուլերը։ Սա մասնակիցներին հնարավորություն կտա դառնալ ավելի պատրաստված, ճիշտ ռեալիզացնել հմտությունները»,- նշել է նա։
Հուշագրի կնքումից հետո տեխնոոլորտի մասնագետները միջոցառման մասնակիցներին ներկայացրել են ցանկալի աշխատանք գտնելու եղանակները, մանրամասնել անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։
Կարծիքներ