Ռուսաստանը ողջունել է հայ գերիների վերադարձը հայրենիք

Ռուսաստանը ողջունել է հայ գերիների վերադարձը հայրենիք

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանը ութ զինծառայողի հանձնելու քայլը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և  ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց բանաձևով»,- հայտարարել է  Զախարովան ու տեղեկացրել, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին:

«Կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը: Մենք նպաստելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ փետրվարի 7-ին 8 հայ ռազմագերիներ վերադարձել էին հայրենիք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում