Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։

Աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ Գրեթե պատրաստ է Օձունի խաչմերուկի երթևեկության պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը։

Հիմնանորոգումը շարունակվում է նաև «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհի տարբեր հատվածներում. «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է‚ որ այս պահին տեղադրվում է հողային պաստառը‚ որից հետո կսկսեն ավազակոպճային և կոպճային շերտերի տեղադրումը՝ նախապատրաստելով ճանապարհահատվածների ասֆալտապատման։

Եղանակային պայմանները բարենպաստ են շինաշխատանքների համար, և ինչպես նկատում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, տեխհսկողից թույլտվություն ունեն լիցքեր իրականացնելու։

Քննարկվում է նաև Հաղպատի խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորության վրա մեծ ծավալի ժայռային հանույթի հարցը։ Լուծում տալու համար դիտարկվում է մի քանի տարբերակ։

 

Մ-6 միջպետական մայրուղու՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում այս օրերին իրականացվում է նոր ջրատար խողովակի կառուցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում