Առաջին քայլը պետք է անի Վաշինգտոնը, ոչ թե Թեհրանը. Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը իրանական միջուկային գործարքի մասին
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանն իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասին՝ նշելով, որ գործարքին վերադառնալու հարցում առաջին քայլը պետք է անի Վաշինգտոնը և ոչ թե Թեհրանը:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին իրանցի նախարարը գրառում է արել սոցցանում՝ մատնանշելով ԱՄՆ թշնամական գործողություններն Իրանի դեմ: Այսկերպ Զարիֆը պատասխանել է պետքարտուղարի հայտարարությանը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները կվերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին միայն այն ժամանակ, երբ Թեհրանը կատարի համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները:
Թվիթերյան գրառման մեջ իրանցի նախարարն իր ամերիկացի գործընկերոջը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն է լքել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ապա արգելափակումներ սահմանել դեղամիջոցներ և սննդամթերք ներկրելու համար: Զարիֆը կոչ է արել չմոռանալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոշոր ձախողումը:
Կարծիքներ