«Արարատ» ՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ֆուտբոլիստի ձերբակալման վերաբերյալ

«Արարատ» ՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ֆուտբոլիստի ձերբակալման վերաբերյալ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. 

«Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատ»-ի ֆուտբոլիստ:

Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը:

«Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Այդ դեպքի հետ կապված Երևանի քննչական կոմիտեն այսպիսի հաղորդագրություն է տարածել. «2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. Վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում