Վերջին տարիներին ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի միտում կա

Վերջին տարիներին ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի միտում կա

Հայաստանում վերջին տարիներին ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի միտում կա:

Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Կարծում ենք, որ սա տեղի է ունենում Կառավարության կողմից իրականացված մի շարք  ծրագրերի շնորհիվ: Դրանցից են երեխայի ծննդով պայմանավորված միանվագ նպաստների բարձրացումը` գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի նպաստի տրամադրումը անկախ ծնողի աշխատանքի հանգամանքից, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովածության պետական աջակցության 2020-2023 թվականների հիփոթեքային ծրագրերը»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում պատկերացնել այն շղթան, որը ցանկանում են կառուցել ծնելիության խթանման գործում:

«Ավելացնեմ նաև կրթությունը հասանելի դարձնելու մեր ծրագիրը, որովհետև, տեսեք, գյուղական, քաղաքային վայրերում մենք ծնելիությունը խթանելուն ուղղված ծրագրեր ենք իրականացնում, բայց հատկապես գյուղական վայրերում ունենք կրթության հասանելիության խնդիր, որովհետև եթե երեխան ծնվում է և եթե պատշաճ կրթություն չստանա, մենք ապագայի համար կստեղծենք նոր սոցիալական խնդիր, որովհետև պատշաճ կրթություն չունեցող երեխան` նրանք պոտենցիալ լրացուցիչ սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցող քաղաքացիներ են: Եվ այս է պատճառը, որ մենք մի կողմից խթանում ենք գիտությունը, կրթությունը, ժողովրդագրության ոլորտում ենք ծրագրեր իրականացնում, նաև մյուս կողմից ունենք 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու ծրագիրը, որպեսզի երեխաները պատշաճ կրթություն ստանան»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում