Մակունցը վստահեցնում է՝ Արա Այվազյանը Փաշինյանի առաջարկի վերաբերյալ առարկություն չի հնչեցրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ հայտարարության բովանդակության մասին Անվտանգության խորհրդի նիստից առաջ տեղեկացրել է Արա Այվազյանին, վերջինս առարկություն չի հնչեցրել:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարականի դիմումն արդյոք որևէ կապ ունի՞ Փաշինյանի հնչեցրած առաջարկի հետ:
«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը հայտարարության բովանդակության մասին տեղեկացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատարին, ինչի հետ կապված Այվազյանի կողմից առնվազն առարկություն չի հնչել: Մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ»,-ասաց Մակունցը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: Արա Այվազյանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարականի մասին հայտնի էր դարձել մայիսի 27-ին:
Կարծիքներ