Կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը պատնեշ կստեղծի անընդհատ մուտացվող շտամների դեմ. Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը պատնեշ կստեղծի անընդհատ մուտացվող շտամների դեմ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ կարճ ժամանակում կորոնավիրուսի դեմ շատ մարդկանց պատվաստումը կարող է պատնեշ ստեղծել անընդհատ մուտացվող շտամների դեմ: Դա կարող է բերել պատվաստանյութերի անընդհատ հետազոտման և հնարավորություն տալ հասկանալու, թե դրանք որքանով են պահպանում կորոնավիրուսի դեմ իրենց արդյունավետության նույն աստիճանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավանեսյանն ասաց հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Խոսելով կորոնավիրուսի նոր շտամների շրջանառության մասին՝ նա շեշտեց, թե բոլորին մտահոգում է այն, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ լինելով, մուտացվում է և ձեռք է բերում նորանոր հատկանիշներ: «Դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում  կորոնավիրուսի տարածման ժամանակ  ի հայտ եկավ հնդկական շտամը, որն այս պահին հիմնական շտամներից է: ՌԴ-ում ու Վրաստանում արձանագրվել են հնդկական «Դելտա» շտամի դեպքեր: Մենք ընթացիկ ընտրանքային հետազոտություններ ենք կատարում: Եթե առաջիկայում հետազոտությունների արդյունքում Հայաստանում հայտնաբերվի «Դելտա», կներկայացնենք հանրությանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանն ընդգծեց, որ «Դելտա» շտամն արագ է տարածվում և աչքի է ընկնում հիվանդացության ծանրության բարձր աստիճանով: «Ամեն ալիքի հետ, ամեն շրջանառվող շտամի հետ դա նկատում ենք: Ցավոք, պատվաստման գործընթացն աշխարհում չի ընթանում այն արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը, ինչը  չի թողնի, որ վարակն անընդհատ մուտացվի»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում