Նաիրա Զոհրաբյանը կմիանա՞ Ռոբերտ Քոչարյանին
Երկու օր առաջ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում եղել է կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը, որն, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ցուցակում զբաղեցնելու է պատվավոր 4-րդ տեղը:
ԲՀԿ քաղխորհդրի նիստին չեն մասնակցել խորհդրի մի քանի անդամներ, որոնցից մեկը Նաիրա Զոհրաբյանն էր: Նրա բացակայությունը կապվեց մինչ այդ շրջանառվող այն լուրերի հետ, որ Նաիրա Զոհրաբյանը չի ընդգրկվելու ԲՀԿ ընտրական ցուցակում:
Լուրը հաստատելու կամ հերքելու համար կապ հաստատեցինք տիկին Զոհրաբյանի հետ, նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին և առհասարակ թույլ չտվեց անդրադառնալ ընտրական ցուցակում՝ իր ընդգրկվելու հարցին: Սակայն նշեց, որ քաղխորհրդի նիստին ինքն ու մի քանի այլ պատգամավորներ չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի որոշմամբ:
«Ոչ թե չենք մասնակցել, այլ այդ օրը եղել ենք հարց ու պատասխանին Գագիկ Ծառուկյանի որոշմամբ»,- նշեց տիկին Զոհրաբյանը:
Այնուամենայնիվ, մեր աղբյուրները պնդում են, որ տիկին Զոհրաբյանն առաջիկա ընտրություններին առաջադրվելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքով:
Կարծիքներ