Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում նշվել է կառույցի ստեղծման 8-ամյակը
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը նշում է ստեղծման 8-ամյակը։ Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները և Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցականները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման ընթացքում Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի մասնագետները չորքոտանի գործընկերների հետ ցուցադրական գործողություններ են իրականացրել։
Ըստ աղբյուրի՝ Կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը և համատնօրեն Յուրի Պոլեշչուկը հյուրերին ներկայացրել են անգարատիպ բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարական աշխատանքների ընթացքը։
Նշվում է, որ միջոցառման ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ուսումնական բազայում վկայականներ է հանձնել կենտրոնի ՆԳՆ փրկարար ծառայության՝ «Ճոպանային համակարգի օգտագործմամբ բարձրության վրա աշխատանքների կատարման տեխնիկան և անվտանգության մեթոդները» որակավորման բարձրացման ծրագրով վերապատրաստում անցած մասնագետներին։
2022-ին կառույցը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է բարձր գնահատականի և ճանաչվել որպես տարածաշրջանային ուսումնական կենտրոն։ 2023 թվականից վերապատրաստման նպատակով նախատեսվում է մի շարք երկրներից ուսումնական կենտրոն գործուղել փրկարարների։
Կարծիքներ