Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»:
Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն:
Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»:
Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:
Կարծիքներ