Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին և բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, ինչպես նաեւ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին ու հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Կառավարության ղեկավարն ու տեսանյութ հրապարակել։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրանց պատմական հաջողությունների առիթով:
Վարչապետի գրառման մեջ ասված է․
«Արթուր Դավթյանի եւ Հարություն Մերդինյանի պատմական հաղթանակների արձագանքների մեջ հաճախ էին հանդիպում դիտարկումներ, թե որքան վատ պայմաններում են մարզվում մեր մարզիկները:
Ուզում եմ ընդգծել, որ հիմա կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին եւ կհամալրվեն ժամանակակից, չօգտագործված գույքով»:
Հիշեցնենք՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն Անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանն իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Կարծիքներ