Էրդողանի խոսնակը մանրամասներ է բացահայտել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը որոշ մանրամասներ է բացահայտել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցից, փոխանցում է Ermenihaber-ը։
BBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ երկու ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է ուկրաիանական հարցում Ռուսաստանի պահանջները, որոնք դասակարգվում են 2 խմբում:
Ըստ Քալընի՝ պահանջների մի խմբի շուրջ կողմերի միջև համաձայնությունը կարող է իրատեսական լինել: Այդ պահանջները չորսն են՝
1. Ուկրաինայի չեզոք կարգավիճակ,
2. զինաթափում կամ ապառազմականացում,
3. ապանացիֆիկացում,
4.ռուսերենի հատուկ կարգավիճակ:
Ըստ թուրքական կողմի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար պահանջների այս խումբը կարող է ավելի հեշտ ընդունելի լինել, քան մյուս խումբը:
Քալընի փոխանցմամբ՝ Պուտինը ցանկանում է, որ Արևելյան Ուկրաինայի մի հատվածը միացվի Ռուսաստանին, Իսկ Զելենսկին էլ ընդունի, որ Ղրիմը ռուսական տարածք է:
Քալընը նաև նշել է, որ Պուտինը կարծում է, որ այս հարցերը կարող են լուծվել միայն Զելենսկու հետ դեմառդեմ հանդիպման ու քննարկման միջոցով:
Էրդողանի խոսնակը կարծիք է հայտնել, որ պայմանավորվածության հասնելու համար դեռ մի քանի շաբաթ կարող է պահանջվել:
Կարծիքներ