2018-ից Շիրակի մարզպետարանում ԺՊ-ների արատավոր ինստիտուտը վերացվել է. դա ևս մեկ կոռուպցիոն դրսևորում է. Բաղդասարյան

Շիրակի մարզպետարանում այս պահին ոչ մի ժամանակավոր պաշտոն չկա։ 2018-ից ԺՊ-ների արատավոր ինստիտուտը վերացվել է։
Այս մասին այսօր տարեվերջյան մարզխորհդի ընդլայնված նիստում հայտարարեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Առաջիկայում անցկացվելու են մրցույթներ մարզային ենթակա կառույցներում ևս՝ կրթության, մշակույթի, սպորտի և բուժհաստատություններում։
«Միշտ ասել եմ, պաշտոնակատարի ինստիտուտն արատավոր երևույթ է։ Ներկաներից շատերը կհիշեն, որ ոչ վաղ անցյալում մարզային ենթակայության բոլոր դպրոցներում (խոսքը մեկ տասնամյակ կամ մի քիչ ավելի մասին է) տնօրենները ԺՊ-ներ էին։ Ինչ էր սա նշանակում՝ բոլորը գիտեն։ Սա ևս մեկ կոռուպցիոն դրսևորում էր ու ԺՊ-ին կախվածության մեջ պահելու տարբերակ»,- ասաց մարզպետը։
Նազելի Բաղդասարյանը նաև մեկ նորություն ուներ մարզպետարանի աշխատակիցների համար. գործադիրը տարեվերջյան նիստում հաստատելու է մարզպետարանի օրինակելի կառուցվածքն ու հաստիքացուցակը։
«Սա ենթադրում է, որ հաջորդ տարի կլինեն կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում՝ հաստիքացուցակի փոփոխություններ, ուզում եմ, որ այդ մասին իմանաք»,- ասաց մարզպետը։
Կարծիքներ